Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԳԴՀ նախարարների կաբինետը։

«Կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան: Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման ու բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ դրա համար առաջարկվում է  համապատասխան ֆորում: Հարևան երկրները պետք է նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարությունում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է չորս քաղաքացի։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ