Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում զոհված քաղաքացիների անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

կոլաժ

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:

Ցանկը ներկայացվում է ստորև.
1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:
Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է չորս քաղաքացի։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ