Դոդոնը հայերին ու ադրբեջանցիներին խնդրում է հակամարտությունը Մոլդովա չտեղափոխել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Դոդոն

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վարչապետ Իոն Կիկի և խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանոյի հետ ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները։ Այս մասին գրել է է eadaily.com-ը։

«Մենք մտահոգություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, երկու կողմին կոչ ենք արել դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ երկխոսության։ Այս համատեքստում ընդգծվել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Մոլդովայի Հանրապետության գործընկերներն են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու պետությունների ղեկավարությունների հետ։ Այդ պատճառով մենք կոչ ենք արել մեր երկրի երկու էթնիկ համայնքներին հանգստություն պահպանել և այդ հակամարտությունը չտեղափոխել Մոլդովայի Հանրապետություն»,- գրել է Դոդոնը սոցցանցերում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ