Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով ու կա վարակի վտանգ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Արդեն չորրորդ օրն է, հակասանիտարական և հակահիգիենիկ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 51 շենքի բակում:

Հարևան 49 շենքի կոյուղատարերի վնասման պատճառով կոյուղաջրերը լցվում են ավտոտնակ, որտեղից էլ մարդիկ ջրահեռացման պոմպով այն դուրս են մղում դեպի փողոց: Շենքի բակում անգամ դիմակով քայլելն է անտանելի, հոտն այնքան ուժգին է, որ դիմակը կրած, զգում ես գարշահոտությունը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Աշնան այս զով եղանակին բնակիչներս չենք կարողանում բացել տան լուսամուտները: Պատճառը 49 շենքի կոյուղու խցանումն է եղել: 20 օր առաջ «Վեոլիա Ջրից» եկան, փորձեցին խցանումը վերացնել, սակայն հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցին: Մետաղալարն էլ կարծես «Վեոլիա Ջուր ընկերության» կողմից՝ որպես դառը հիշողություն թողեցին խողովակի մեջ ու հեռացան՝ խոստանալով, որ հաջորդ օրը կգան և խնդիրը կվերացնեն: Սակայն գնացին, դարձան «Խաչատուր Աբովյան»:

4 օր առաջ կոյուղաջրերը սկսեցին դուրս հորդել նշված փողոցի բնակիչ Գոհար Արզումանյանի ավտոտնակից և մարդիկ գիշեր-ցերեկ դարձել են հերթապահող ժամապահ: Պոմպով անընդհատ կեղտաջրերը դուրս են մղում: Ստիպված նորից ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան ու Աջափնյակի թաղապետարան, սակայն վերջիններս պատասխանում են, որ դա իրենց իրավասության տակ չի մտնում, այդ խնդիրը պետք է լուծի «Վեոլիա Ջուրը»:

Վերջինս էլ պատճառաբանում է, որ կոյուղաջրերը անցնում են ավտոտնակների տակով ու իրենք իրավասու չեն այն քանդել»: SHAMSHYAN.com-ի թղթակցին հուսահատ քաղաքացիներն ասում էին, որ եթե այս իրավիճակը մի քանի օր էլ շարունակվի, չի բացառվում, որ այն դառնա վարակի աղբյուր և մարդիկ հայտնվեն հիվադնանոցներում: Ասում էին նաև, որ բոլորը պարտաճանաչ կատարում են վճարումները, իսկ հիմա ով է սթափեցնելու պատասխանատուներին, որպեսզի վերջիններս սրտացավ մոտեցում ցուցաբերեն սպառողների նկատմամբ և դուրս գան իրենց տաքուկ կաբինետներից և խնդիրը լուծեն, ոչ թե միայն մտածեն բազկաթոռներին նստած իրենց թափանները լցնելու մասին:

--00--ԱՀ