Սարամեջում արդյունավետ կառավարման խնդիր կա. Լոռու մարզպետը համայնք է այցելել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սարամեջցիներին տված խոստմանը հավատարիմ, նախօրեին այցելել է Սարամեջ համայնք՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, բնակչության դժգոհության պատճառներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:

Բանն այն է, որ օրեր առաջ, Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ մարզպետարանի բակում տեսակցել էին մարզի ղեկավարին, ներկայացրել իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ:

Մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ Ա. Ղուկասյանը ծանոթանում է նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված համայնքի գլխավոր ճանապարհի շուրջ 300 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին:

Ասֆալտի խտությունը համապատասխանում է չափորոշիչներին, սակայն շինարարական կազմակերպությունը ասֆալտի մակերևութային մշակումն անորակ կերպով է իրականացրել, ինչն էլ առաջացրեց մարզի ղեկավարի դժգոհությունը: Ա. Ղուկասյանի պահանջն է՝ մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր խնդիրները: Շինարարը խոստացավ վերացնել անորակությունները, նաև վստահեցրեց. երեք տարի ճանապարհի երաշխիքային սպասարկում կիրականացնեն:

Համայնքում այս տարի սուբվենցոն միջոցներով նաև գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում՝ տեղադրվել է 90 նոր լուսատու. այստեղ ևս մարզպետը խնդիրներ է արձանագրում և պահանջում՝ շտկել ամենասեղմ ժամկետներում:

Մարզպետարանի պաշտոնյաների հանդիպումը համայնքի բնակիչների հետ համայնքապետարանում էր:

Ա. Ղուկասյանի առաջին նկատառումն է՝ համայնքում իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում. համայնքի տարեկան բյուջեն շուրջ 46 մլն դրամ է, որից 30 մլն դրամը ծախսվում է համայնքապետարանի կառավարման ապարատի վրա: Համայնքում յուրաքանչյուր տարի առավելագույնը մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, մինչդեռ Ա. Ղուկասյանը համայնքի բնակիչներին վստահեցնում է, սեփական միջոցները արդյունավետ կառավարելով՝ համայնքային բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կարելի է յուրաքանչյուր տարի ներդնել 18-20 մլն դրամ, իսկ այդ գումարը պետությունը պատրաստ է կրկնապատկելու և եռապատկելու.

-Յուրաքանչյուր տարի սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկման ժամանակ առաջարկում ենք՝ շատ ծրագրեր ներկայացնել: Այն համայնքները, որոնք արդյունավետ են տնօրինում իրենց միջոցները կարողանում են առավելագույն թվով ծրագրեր իրականացնել, ինչից շահում է համայնքը և բնակիչը,-ասում է Ա. Ղուկասյանը՝ որպես օրինակ ներկայացնելով այլ համայնքների, որտեղ բնակչության գրեթե նույն թվաքանակի և համարժեք բյուջեի պարագայում աշխատակազմում գրեթե կիսով չափ ավելի պակաս աշխատակիցներ կան և կրկնակի անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում:

Սարամեջ համայնքում, ինչպես նշեցին բնակիչները, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհի բարեկարգման, նոր կառուցված թաղամասի գազաֆիկացման, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման անհրաժեշտություն կա:

Մարզի ղեկավարը հորդորում է համայնքի ղեկավարին և ավագանուն. համայնքում մասնակցային կառավարում իրականացնել, բնակիչներին հանգամանորեն ներկայացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Նրանց հետ համագործակցությամբ նաև որոշել համայնքի ամենառաջնային խնդիրները և ներկայացնել հաջորդ տարի սուբվենիցոն ծրագրերով իրականացնելու համար: Համայնքի բնակիչներին էլ մարզի ղեկավարը խորհուրդ է տալիս լինել ավելի նախաձեռնող և պահանջատեր:

Գ. Մարկոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնում ցանկացած օր այցելել համայնք և ակտիվ երիտասարդների հետ քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհներ նախանշել:

--00—ԼՄ