«Սա Ադրբեջանը չէ»․ Բուրգ լե Վալանսի ղեկավարն Արցախի դրոշի պատճառով սպառնալիք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դրոշ

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել, ընդ որում՝ դրանք հնչում են ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլև՝ Թուրքիայի: 

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին 3 ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է նաև Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար սպառնալիքներ հնչեցրել: 

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ։

Ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշել՝ ո՞ւմ հետ կարող ենք շփվել և ո՞ւմ հետ՝ ո՛չ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել։ Մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,– գրել է քաղաքապետը, ապա հավելել, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել և աշխարհին ապացուցել, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915-ի ցեղասպանությունը։

Մուղիեն նաև տեղեկացրել է, որ դեռ 2014-ին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» է ներառվել, իսկ 2016-ին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, ինչպես նաև Շուշիի հետ 2014-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018-ին վարչական դատարանի առջև է կանգնել: 

--00—ԼՄ