Դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News  

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։

Դատարանը գտել է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկները։ 

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։ 

«Եթե դատարանը հիմա վերջնական որոշում կայացներ և պահանջեև այդ նյութերը, ապա մինչ առկա նյութերի և դատակաչված անձանց ցուցմունքերի հետազոտման ավարտը, մենք հսացրաց կինեինք ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Իսկ միջնորդության լուծման հետաձգումը նշանակում է, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը այդ փուլում, ապա դատարանն ստիպված է լինելու մեզ մի քանի ամիս կամ նույնիսկ մի տարի ժամանակ տալ դրանց ծանոթանալու համար», - ասաց Ալումյանը։ Բացի այդ, կարող է անհրաժեշտություն առաջանալ  դատակոչված անձանց կրկին հրավիրել դատարան հարցաքննության։ 

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։

Նշենք, որ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով պահանջել է նաև տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը։ 

Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։ 

--00—ՄՀ