ԲՀԿ-ի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քյարամյան

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը Եռաբլուրում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է փոխվել ԱԱԾ-ում իր նշանակումից հետո, ասել է, որ ինքը չէ, որ պետք է իր աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատի։

Հարցին՝ ի՞նչ նորություններ կան հայտնի քրգործերից, մասնավորապես՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերից, ԱԱԾ տնօրենն ասել է. «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրգործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, նախաքննական մարմնի տիրույթից դուրս է:

Ինչ վերաբերում է ընտրակաշաքի վերաբերյալ քրեական գործին, այն շատ մեծ ծավալներով քննվում է, քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է՝ այն ուղարկվի դատարան: Ուղղակի այդպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»։

Հարցին՝ Ծառուկյանին առնչվող գործն ինչո՞ւ է քննում ԱԱԾ-ն, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված հանցագործությունների հարցը ՀՔԾ-ի տիրույթում է, Քյարամյանը պատասխանել է, թե դատախազությունն իրավունք ունի ցանկացած քրգործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի:

«Դատարանը ևս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն»,-ասել է Քյարամյանը:

 

--00—ԼՄ