ԱԻ նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Մարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են պարետատանը կից «Զանգերի կենտրոնի» աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոնի» գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն արվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի:

Նախարարը շնորհավորել է պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով վերջիններիս ծառայությունը: Պարետատան աշխատանքներում ներգրավված ԱԻՆ համակարգի մյուս աշխատակիցներն արժանացել են ՀՀ պարետի շնորհակալագրերին։

«Ձեր աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Անձամբ ես անընդհատ տեղեկացել եմ, թե ինչ է արվում, ով ինչպես է իրեն դրսևորում։ Այս պատվոգրերն օբյեկտիվորեն տրվում են այն մարդկանց, որոնք աչքի են ընկել կազմակերպչական հարցերում»,- ասել է նախարարը։

--00--ԱՀ