Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱՀԿԿԿԿ.jpg

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին.
· երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը
· ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակների ժամանակ
· կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ

COVID-19-ից քաղած դասերը

Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսեց COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին.

· Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ:

· Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին:

· Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը:

· Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին:

Ըստ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարի Հանս Կլուգեի զեկույցի՝ մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ: Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է, և արձագանքից դեպի վերականգնում անցումը հնարավորություն է ընձեռում մարդկանց և նրանց առողջությունը դնել հայեցակարգի առանցքում՝ գիտակցելով, որ հանրային առողջությունը տնտեսական զարգացման, անվտանգության և խաղաղության խթան է»:

--00--ԱԹ