6 կմ ճանապարհ՝ ոտքով. Շիրակի մարզի 3 գյուղի բնակիչներ որոշել են դպրոց չուղարկել երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աշակերտ

Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանն ահազանգել է Shamshyan.com-ին՝ տեղեկացնելով, որ դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարևան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով 3 գյուղերի ծնողներով որոշել են երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ-գալով մոտ 12 կմ է:

«Մարզպետարանը տարիներ շարունակ մեր երեխեքին Գազել է տրամադրել, որ աշակերտներին Գազելը հավաքեր, 6 կմ տաներ դպրոց, հետո հավաքեր, հետ բերեր գյուղեր՝ 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա Գազելի փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան:

Դպրոցը Մուսայելյան գյուղում է, այդտեղ են գնում Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերից: Այսօրվանից հանվել է տրանսպորտը, գցել են ծնողների վրա, թե՝ փող հավաքեք, Գազելին վճարեք, թող տանի երեխեքին, բայց մենք եկել, սարի գլխին ապրում ենք, ու, փաստորեն, էս կորոնայի ընթացքում էլ ամեն օր էրեխեն 6 կմ պետք ա գնա, որ հասնի դպրոց: Ամենափոքր երեխեն 4-րդ դասարան է, մեշոկով գիրք են տվել, որ էդ երեխեն 6 կմ գնա դպրոց, իր վրա վիճակ չի մնա, ողնաշարի գրիժա կստանան երեխեքը»,-ըստ աղբյուրի՝ ասել է Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանը:

Ըստ նրա՝ 3 համայնքերի աշակերտների տրանսպորտի խնդիրը լուծվել է Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ջանքերով, որոշումը, սակայն, այսօր այլևս չկա։

--00—ԼՄ