ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 225 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Սեպտեմբերի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 225 տրանսպորտային միջոց, որից 19-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 206 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Նույն ժամանակահատվածում ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարզերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 107 տրանսպորտային միջոց, որոնցից 91-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, 38 մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը ժամկետանց էին, իսկ 22 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության խախտման համար:

--00--ԱԹ