Շահեն Մեղրյանի որդին արձագանքել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Զինավոր Մեղրյան

 Շահումյանի պաշտպանության հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝  իրավաբան Զինավոր Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանի կողմից վերջերս հնչեցված մի շարք մտքեր, եթե իհարկե նրա բերանից դուրս եկող բառակույտը կարելի է միտք անվանել, բավական վրդովեցրել են հայրենակիցներիս՝ իմ սիրելի շահումյանցիներին։ Նրանցից շատերն են այս օրերին մեր գեղեցիկ բարբառի ամենայուրահատուկ խոսքերով բնութագրում Սամվել Բաբայանին։ Եվ դա բնական է՝ ԱԽՔ-ը ստանում է այն, ինչին արժանացել է։ Ընդ որում, ոչ միայն շահումյանցիների, այլև բոլոր հայրենասեր և նորմալ մարդկանց կողմից։ Ես հասկանում ամենքի վրդովմունքը և կիսում նրանցից յուրաքանչյուրի կարծիքը։ Բայց դա հարցի ընդամենը էմոցիոնալ կողմն է։ Մինչդեռ խնդիրը շատ ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Այստեղ կան նաև քաղաքական ու, որ ամենակարևորն է, բարոյական բաղկացուցիչներ։ Փաստորեն Արցախի ԱԽՔ-ը խոստովանում է, որ Բաքվի նավթն ու Կասպից ծովի ավազն իր համար ավելի նախընտրելի են, քան Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները։ Նա խոստովանում է, որ առաջնորդվում է ոչ թե պատմական արդարության, այլ նեղ անձնային շահերով։ Եվ ուրեմն ի՞նչ սպասել նման մարդուց։ Բնականաբար ոչինչ։ Պարզապես ջնջել է պետք նրան մեր մտքից»:

-- 00—ՄՀ