Ամուլսարի չաշխատելուց ի վեր համայնքներից ավելի քան 500 մարդ է արտագաղթել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

Ամուլսարի չլուծված խնդիրը շարունակում է շրջակա համայնքերում պարբերական լարում ստեղծել։ Հաճախակիացել են բախումները Լիդիանի աշխատակիցների ու Ամուլսարի ճանապարհները փակող ցուցարարների միջեւ։ Համայնքի բնակիչներից շատերը չեն մասնակցում բախումներին, ոչ մի, ոչ մյուս կողմից։ Շրջակա համայնքերում առավել սուր են համարում սոցիալ-տնտեսական խնդիրները։ Երկու տարի առաջ Ամուլսարում ցույցերի մեկնարկից ու ճանապարհների շրջափակումից ի վեր շատերը կորցրել են աշխատանքը, այս տարի արտագնա աշխատանքի գնալու հնարավորություն էլ չունեն, կորոնավիրուսի պատճառով։ Երկու տարվա անորոշ վիճակի, կառավարության կողմից որոշման բացակայության ու Ամուլսարի փակ լինելու հետեւանքով շատերը ոչ միայն աշխատանք են կորցրել, այլեւ փոքր բիզնեսներ, խանութներ ու սպասարկման կետեր են փակվել։ Մարդիկ փող չունեն գնումներ անելու համար։

Ամուլսարի հանքը շահագործելու լիցենզիան տնօրինող Լիդիան Արմենիա ընկերությունը Ամուլսարի հարակից Գնդեւազ, Գորայք, Սարավան, Ջերմուկ բնակավայրերում 10 տարում՝ 3,5 միլիոն դոլարի սոցիալական ծրագրեր էր իրականացրել՝ ասֆալտապատում, էլեկտրաֆիկացում, բարեկարգում, բայց առավել ազդեցիկը, տնտեսական առումով, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը նպաստող ծրագրերն էին։

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ընկերությունը շրջափակման մեջ է, ու աշխատատեղերի կրճատմանը զուգահեռ դադարեցվել են նաեւ սոցիալական զարգացման ծրագրերը։ Մինչ պարբերական բախումների ներքո, Լիդիանը տարածքում վերսկսվում է որոշ աշխատանքներ, ընկերությունը համայանքային վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է վերսկսել նաեւ որոշ սոցիալական ծրագրերը։ Արդեն մի քանի հանդիպում է եղել համայնքների բնակիչների հետ: Այս ճանապարհով կհստակեցվի այն գործիքակազմը, որը թույլ կտա համայնքի աջակցության համար սոցիալական առավել արդյունավետ ծրագրերի մշակումը։ Ակնհյատ է, որ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի խնդիրը՝ Լիդիան Արմենիա ընկերության չաշխատելու արդյունքում անգամներով աճել է գործազրկությունը: Համայնքի բնակիչների պնդմամբ Ամուլսարի չաշխատելուց ի վեր համայնքներից ավելի քան 500 մարդ է արտագաղթել։

--0--ԿԿ