Սաակաշվիլին չի վերադառնա, քանի որ վախկոտ է. Վրաստանի վարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի վերադառնա, քանի որ վախկոտ է: «360 աստիճան» հաղորդման շրջանակներում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ տարածաշրջանային հարցերով խորհրդական Սոզար Սուբարին: Նա նշել է, թե Վրաստանի նախկին նախագահը սիրում է հեքիաթներ պատմել, սակայն երբեք չի կարող վերադառնալ Վրաստան, ինչն անձամբ է հաստատել:

«Ես ոչ մի տեղ չեմ հրավիրում Սաակաշվիլիին, նրան հրավիրում են Վրաստանի օրենսդրությունն ու արդար դատարանի որոշումները: Այսքանը և վերջ: Վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա»,- ասել է նա:

Խոսելով Սաակաշվիլու վերադարձի հնարավորության մասին՝ վարչապետի խորհրդականը հիշեցրել է՝ նախկին նախագահն ինքն է ասել, որ չի պատրաստվում ոչ մի տեղ գնալ:

«Ես լսում էի նրան: Մի՞թե նա ասել է՝ երբ է մտադիր վերադառնալ: Սաակաշվիլին չի կարող վերադառնալ, քանի որ վախկոտ է, վախկոտ: Նա վախենում է արդարադատությունից, վրաց ժողովրդից, օդում թռչող ինքնաթիռից: Եվ այդ մարդն ինչ-որ ժամանակ եղել է մեր և ձեր գլխավոր հրամանատարը»,- ասել է նա:

--00--ԱԹ