ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է իր առնչությունը Եռաբլուրում կատարվածին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության հայտարարությունը, թե Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։

Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։

Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարրաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։

Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո մենք պատրաստակամություն էինք հայտնել Եռաբլուրում՝ անհրաժեշտության դեպքում, սահմանել հսկողություն։

ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։ Մենք՝ քաջ գիտակցելով վայրի արժեքը, չափազանց զգուշավոր ենք Եռաբլուրում անցկացվող մեր բոլոր միջոցառումների ժամանակ։

Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության ընկեր ներկայացել է Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։

Հորդորում ենք ՀՀ Ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»։ 

-- 00—ՄՀ