Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Վանեցյան

«Հայրենիք»-ի շարքերը համալրվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս ստացան։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Կին կուսակցականներին անդամատոմս հանձնեց անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։

Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։

«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,-ասաց Վանեցյանը։

Հենց «Հայրենիք» անունն է սիրիահայ Ռազմիկ Տեր-Դավթյանին «Հայրենիք» կուսակցություն բերել։ Ասում է՝ հայրենիքի շահը «Հայրենիք» կուսակցությունում է գտել, դրա համար էլ կուսակցականի անդամատոմսը բաց ճակատով է վերցնում։

«Նախքան որոշում կայացնելը կուսակցության ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, զրուցել, ծանոթացել ծրագրերին ու գաղափարներին։ Իմ համոզմամբ՝ «Հայրենիք»-ում լրջություն ու պատասխանատվություն կա»,- ասաց Ռազմիկը, որին այսօր ոչ միայն անդամատոմսի, այլև ծննդյան 24-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեցին։

Ինչպես Ռազմիկը, այնպես էլ մյուս տղամարդիկ կուսակցության անդամատոմսերը խորհրդի անդամ Արա Սահակյանից ստացան։

Սահակյանը նշեց, որ ներկաներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել են, զրուցել, ներկայացրել կուսակցության գաղափարական հենքն ու ծրագրային ուղղությունները, հետևաբար յուրաքանչյուրի որոշումը հիմնավորված է ու գիտակցված։

--00--ԱԹ