Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:

Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում:

Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

--00--ԱԹ