Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Տոնոյան

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը:

ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ:

Նիստի մասնակիցներն այցելել են նաև մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճար և «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:

Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին փաստեր:

«Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում և լուսանկար:

Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր:

--00--ԱԹ