Պատմություն առարկայի չափորոշիչները կամ ինչո՞ւ են աղմկում պատմաբանները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

հասարակական

Դեռեւս կրթական չափորոշիչների ի լույս գալուց  վեր, մինչ դրանց հանրայնացնելը, մինչ դրանց բովանդակային կազմությանը ծանոթանալը ներհայաստանյան պատմագիտական դաշտը իր հանգիստը չէր գտնում իմանալով, որ չափորոշիչները գրվել են թուրքական հատուկ ծառայությունների գործակալների ձեռամբ եւ սրան զուգահեռ նույն ժամանակահատվածում հար եւ նման մտահոգություններով փողոց դուրս եկան իրենց փրկարար գործն ի կատար ածելու հայ ազգի  ամենաազգասեր, ազգային մտքի պայծառ ներկայացուցիչ ազգային սերուցքները՝ հանուն ազգային արժեքների պաշտպանության, պիղծ ու ազգակործան չափորոշիչները թույլատրող  ոչ պակաս պիղծ եւ ոչ պակաս ազգակործան նախարարի հրաժարականը պահանջելու։

Այսպիսով կրթական քաղաքականությունը տապալված է եւ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. միթե՞։

Եկեք հասկանանք.

Այն որ կրթական ոլորտը խոցելի է միանշանակ է եւ սա նոր բացահայտում չէ, ոչ էլ նոր ծագած խնդիր, այն որ նախարարն ունենում է սխալներ ու թերացումներ սա էլ վիճաբանության առարկա չենք դարձնի, բայց արդյո՞ք այդ սխալներն են հիմք հանդիսանում նրա հրաժարականի պահանջի համար, թե մեր ազգային ամենաարդար  ու ամենազնիվ սերուցքը կարող է հրաժարականի պահանջի տակ հետին նպատակներ թաքցրած լինել .

Ինչու՞ հենց պատմություն (եւ շատ թույլ կերպով նաեւ գրականություն) առարկայի շուրջ սկսվեցին այսօր ծավալվող տարօրինակ զրույցները՝ քանզի պատմությունը(իհարկե նաեւ գրականությունը) եղել եւ մնում է այն եզակի ազգագիտական, ազգաճանաչման գիտություններից, որը կարելի է առանց մեծ ճիգերի ծառայեցնել ցանկալի ծանրակշիռ քարոզչություն ծավալելու, ցանկալի տեսակետներ ձեւավորելու համար եւ այս իրողությունը առանց կաշկադման կիրառվել է նախկինում։ Հաջորդիվ, քանի որ այդ ուսումնական առարկան ի տարբերություն բնական գիտությունների եւ մի շարք այլ առարկաների իր վրա կրում է հայ մականունը եւ իմանալով մեր ազգի հոգեբանական առանձնահատկությունները, նրա ամեն «հայ» ու «յան» մասնիկը կրող իրի ու երեւոյթի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը եւ ի հարկե նաեւ հաղորդած տեղեկության հավաստիությունը երբեք չստուգելու բնավորությունը եւ այլ գծեր՝  թե որ առարկաների չափորոշիչի շուրջ աղմուկ պետք է ստեղծվի հարցի պատասխանը դառնում է ակնհայտ ։

Եւ այժմ  ազգային սերուցքի ու պատմաբանների կողմից դաշտ են նետվում այնպիսի կեղծիքներ, հնարվում են այնպիսի իրականություններ վերագրելով դրանք չափորոշիչներին, որ չափորոշիչները կազմողները նույնիսկ տեղյակ չեն իրենց իսկ գրած չափորոշիչներում նման բովանդակություններից... 

Եւ բոլոր այդ մեղադրանքները որ մինչ օրս հնչեցնում էին ու հնչեցնում են ոչ միայն զուրկ են փաստացի ապացույցներից, այլեւ տրամաբանությունից եւ գրավոր կերպով հանգամանալից դրանց անդրադառնալը համարում ենք պարապ զբաղմունք։ Հընթացս պատմաբան տեխնոլոգների մի խումբ քարոզչական ապարատների միջոցով  հայ հանրության ականջին են հասցնում ականջահաճո հակագիտական պնդումներ ու մատնացույց անում փորձագիտական թիմի կողմից դրանց անտեսումը պահանջելով խմբից դուրս գալ մասնագիտական արհեստավարժությունից եւ ներառել կամ բացառել այնպիսի բովանդակություններ, որոնք զուրկ են գիտական հիմքից, այնինչ որքան էլ այդ պնդումները հաճելի են ազգային եսին, այն ու ամենայնիվ դրանք մնում են հակագիտական, առանց հիմնավորումների փչոցներ, որոնք ոչ միայն ծիծաղելի են միջազգային գիտական ասպարեզում, այլեւ վտանգավոր են ազգային սնափառության ձեւավորման գործում։

Ռադիկ Կարապետյան

ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենադպիր (քարտուղար)

--0--ԿԿ