Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.

«Ինչպես շատերիդ հայտնի է, կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթ՝ նպատակ ունենալով չերկարացնել արտակարգ դրությունը։

Մասնավորապես, առաջարկվում է այլ օրենքներում լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։

Փաթեթի վերլուծությունից, կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ժամկետն այլևս չի երկարաձգվի. դրա փոխարեն կհայտարարվի կարանտին, որպիսի քայլի միջազգային քաղաքական հետևանքներն անկանխատեսելի են, քանի որ ուղերձը կրկին խոսում է երկրում տիրող իրավիճակի սրության մասին։

Կարանտինի ժամկետն իր հերթին կարող է հասնել 6 ամսվա (ընդ որում՝ երկարացման դեպքում ժամկետը նույնն է), ինչով նախևառաջ խիստ սահմանափակվում է խորհրդարանական վերահսկողության հնարավորությունը կիրառվող սահմանափակումների նկատմամբ։ Միաժամանակ, այդքան երկար ժամկետով կարանտին սահմանելն ունենալու է խիստ բացասական, ճնշող ազդեցություն բնակչության կողմից իրավիճակի ծանրության ընկալման վրա, ինչպես նաև կյանքի պլանավորման մասով։

Նախագծով քաղաքացիների անձնական տվյալները (այդ թվում՝ բժշկական գաղտնիքին, ուղևորություններին, կոնտակտներին վերաբերող ինֆորմացիան) հերթական անգամ հասանելի են դառնում միանգամից մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։

Անձի ինքնամեկուսացման կարգն առաջարկվում է սահմանել ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտով, ինչը բացարձակապես անընդունելի է Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինքնամեկուսացման ռեժիմը ենթադրում է անձի մի անգամից մի քանի հիմնարար իրավունքների սահմանափակում։

Բացարձակապես անընդունելի և հակասահմանադրական ենք համարում ՀՀ տարածքում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջների ապահովման վերաբերյալ դրույթները: Որևէ միջազգային փաստաթուղթ՝ մինչ ՀՀ կողմից պատշաճ ընթացակարգով ստորագրումը/վավերացումը, չի կարող պարտադրվել և կիրարկվել ՀՀ տարածքում։ Ընդ որում, ԱՀԿ կողմից նոր կորոնավիրուսի ընթացքում տրված հակասական ցուցումներ հրապարակելու փաստն այստեղ ավելի, քան խոսուն է։

Հանրային միջոցառումները կարող են ցրվել ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմամբ, որոնք, համաձայն օրենքի՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցներն են (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շները, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:

Մասնավոր անձանց գործունեության իրականացման վայրերում և այլուր նախատեսվող ստուգայցերի վերաբերյալ դրույթները ևս մտահոգիչ են հատկապես ստուգայցին ներգրավման իրավունք ստացող սուբյեկտների կազմի և քանակի առումով։

Հնարավորություն է տրվում օրենքով սահմանափակել արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Հնարավորություն է տրվում կառավարության որոշմամբ սահմանափակել մասնավոր անձնաց փոխհատուցում ստանալու իրավունքը նրանց գույքը կամ այլ միջոցներն արտակարգ իրավիճակում օգտագործվելու դեպքում, ինչն իհարկե հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին և առհասարակ չի կարող որևէ կերպ արդարացվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվում է 11 տեսակի նոր տուգանքներով, քրեական օրենսգիրքը՝ ևս մեկ հանցակազմով։

Նախատեսվում է կրճատ (10-օրյա) բողոքարկման ժամկետ կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող միջոցառումների իրավաչափության վիճարկման գործերով։

Այսինքն, հերթական անգամ ժողովրդական լեզվով ասած՝ հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանում են»:

--00--ԱԹ