Նոր մանրամասներ՝ Երևանի կրակոցների ու պայթյունի դեպքից. պարզվել է կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խուլիգանություն կատարելու մեջ, որի ժամանակ հնչել էին պայթյունի և կրակոցի ձայներ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21:50-ի սահմանում, Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչներ, 23-ամյա Հրաչյա Տիգրանյանի, 21-ամյա Տիգրան Տիգրանյանի և 54-ամյա Վարդան Տիգրանյանի, Երևան քաղաքի Շարա Տալյանի փողոցի բնակիչ, 50-ամյա Աշոտ Սարգսյանի, Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Ավետիսյանի և 35-ամյա Տիգրան Ավետիսյանի, ինչպես նաև ոմն Դավիթի միջև:

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը պայթեցրել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիչը, որի հետևանքով Հ. Ավետիսյանին պատճառվել է մարմնական վնասվածք: Ծեծկռտուքը ուղեկցվել է մասնակիցների կողմից հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ և միմյանց հարվածելով պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, փայտե մահակ և 2 ինքնաշեն պայթուցիկ: Քննիչերը պարզել են նաև, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հ. Ավետիսյանը «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները ժամեր անց, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են բերման ենթարկել Տ. Տիգրանյանին, Վ. Տիգրանյանին, Ս. Տիգրանյանին, Այգեստան փողոցի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարութունյանին, Սարի Թաղի բնակիչ, 55-ամյա Արթուր Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին, Երևան քաղաքի Գալշյան փողոցի բնակիչ, 23-ամյա Համլետ Խաչատրյանին: Նշված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել իսկ Տ. և Վ. Տիգրանյանները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ավելի աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 31-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ էին հնչել:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները (կարմիր բերետները):

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ էր, որն ուներ բազմաբեկորային վնասվածքներ:

--00—ԼՄ