Էդգարին ու Գոռին դաժան ծեծի են ենթարկել, Գոռը տեսողության խնդիրներ ունի. Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ֆուտբոլիստ եղբայրների՝ Գոռ և Էդգար Մալաքյանների ձերբակալմանն ու նրանց վերաբերյալ տարածվող լուրերին:

Ղազարյանը նշել է՝ համաձայն է տեսակետին, որ օրենքը հավասար է բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից:

«Համաձայն եմ, կապ չունի՝ ինչ մասնագիտություն ունեն, բայց այդ թվում են նաև ոստիկանները, որ դաժան ծեծի են ենթարկել Էդգարին ու Գոռին. Գոռը նույնիսկ ունի տեսողության խնդիրներ, ինչն ամբողջ կյանքում կարող է անդրադառնալ իր գործունեության վրա»,- ասել է նա:

Ղազարյանի խոսքով՝ մի շարք լրատվամիջոցներում տարածվող լուրերն 99 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը:

«Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4-5-6 ոստիկանների, հակառակը, ոստիկաններն են իրենց ծեծի ենթարկել»,- նշել է նա՝ հորդորելով փոքր-ինչ համբերություն ունենալ, նոր կարծիք հայտնել:

--00--ԱԹ