Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագը կմատուցի Կ. Պոլսի Հայոց պատրիարքը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

Ախթամար

Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վանի նահանգապետարանը

Նշվում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի համար կիրառվելու են հակահամաճարակային կանոնները:  Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 09:00-ին: Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։ Նրանք մինչ կղզի գնալը համապատասխան ստուգում են անցնելու:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մանուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ մատցուցվեց։

-- 00—ՄՀ