Սամվել Բաբայանը Տիգրանակերտի արգելոցում հանդիպել է Արցախի հասարակական ակտիվի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Ակնա քաղաքի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում հանդիպում է ունեցել Արցախի հասարակական-քաղաքական դաշտի երիտասարդական ակտիվի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ անվտանգության խորհուրդը։

«Միասնության ուժը» խորագրով հանդիպում-քննարկմանը մասնակցել են խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։

Բացման խոսքում անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը արժևորել է օրվա խորհուրդը և կարևորել նման ձևաչափով հանդիպում-քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար:

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը կարևորել է Արցախի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշմամբ կարող է պայմանավորվել երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Հանդիպման ընթացքում Սամվել Բաբայանը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին անվտանգության խորհրդի և անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությանը, նրա լիազորություններին և գործառույթներին, արցախյան ազգային-ազատագրական շարժման, գոյապայքարի պատմա-քաղաքական նշանակությանը, հայկականության անվտանգային և պաշտպանական համակարգի, տարածաշրջանային զարգացումների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և մի.շարք.այլ.հարցերի:

Հանդիպման ավարտին Սամվել Բաբայանը հորդորել է երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ և հիշել, որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում։

--0--ԿԿ