ՔՏՀԱՏՄ-ն Երևանում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի /ՔՏՀԱՏՄ/ մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։

Մասնավորապես՝ դիտարկումներն իրականացվել են Կոմիտասի, Բաղրամյանի պողոտաներից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող, և Երևանից դեպի Արարատի մարզ երթևեկող միջմարզային մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր ուղևորափոխադրում  իրականացնող  միկրոավտոբուսներում և ավտոբուսներում՝ ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր ևս հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տրվել պարտադիր կատարման ցուցումներ:

Համավարակի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

--0--ԿԿ