Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախի բարեփոխումներին. ԱԺ խոսնակի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

արարատ

Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Անթաքույց հպարտությամբ եմ հետեւում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաեւ միջազգային հանրության ուշադրությունից:

Պարո՛ն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի միասնականության:

Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն եւ հավերժորեն են փորագրել պատմության մեջ:

Վերստին շնորհավորելով ազատության և անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ, պարո՛ն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

--00—ԼՄ