Մակրոնը հայտնել է Թուրքիայի նկատմամբ «կարմիր գծերի» քաղաքականություն սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Թուրքիայի` վերջին տարիների ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարություն»,- ասել է նա:

Նրա խոսքով` Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ և ոտնահարում են Հունաստանի և Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքները: 

Մակրոնն, անդրադառնալով վերջերս Արևելյան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի Հանրապետության, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ իրականացված զորավարժանքներին, հայտնել է, որ պաշտոնական Փարիզը կոշտ, սակայն չափավոր դիրքորոշում է որդեգրել:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին:

«Նրանք, որոնք կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է Աքսոյը:

--00--ԱԹ