Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման արջև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ю

Եթե Գերագույն դատարանի բոլոր դատավորների համար սահմանվի մինչև 65 տարեկանը պաշտոնավարման ժամկետ, կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ: Նման կարծիք ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը, որը դեմ էր քվեարկել Սսահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ձևավորելու՝ մեկ ձայնի տարբերությամբ ընդունված առաջարկին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

«Եվրոպական երկրներում ձևավորվել է ՍԴ դատավորների պաշտոնավարման որոշակի ժամկետ (օրինակ՝ 12 տարի) սահմանելու հստակ պրակտիկա (Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի ՀՀ Սահմանադրության նախագիծ վերաբերյալ 2014թ. PI(2015)015 եզրակացության 168-րդ կետը):

2015թ. խմբ. ՀՀ Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, իսկ 2020թ. Սահմանադրությանփոփոխություններով, այդ ժամկետը տարածվեց նաև ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում հետևողականորեն իրացվել է ՍԴ դատավորների՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու եվրոպական պրակտիկան:

ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, պաշտոնավարման ժամկետ սահմանված չէ, նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարեկան:

ՍԴ և ՎԴ դատարանների ինստիտուցիոնալ միավորման դեպքում ինչպե՞ս է այս երկու՝ սկզբունքորեն տարբերվող մոտեցումները մեկտեղվելու:

Տարբերակ առաջին՝ ցուցաբերվում է միասնական մոտեցում՝ ԳԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ սահմանադրական արդարադատություն իրականացնողների համար սահմանվում է մինչև 65 տարեկան պաշտոնավարում:

Եթե գնան այս ճանապարհով, ապա դա հետքայլ է դեպի 90-ականներ, որի պարագայում շեղվում են նոր ձևավորված Եվրոպական պրակտիկայից: Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ:

Բացի այդ, եթե ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետն համարվի անկարևոր և այն վերացվի, ապա հարց է ծագելու՝ ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում 2020թ. փոփոխություններով պաշտոնավարման 12 տարվա ժամկետը տարածվեց բոլոր դատավորների վրա և այդ հիմքով երեք դատավորի լիազորություն դադարեցվեց: Մի գուցե պետք էր ի սկզբանե վերացնել ՍԴ դատավորի պաշտոնավորման 12 տարվա ժամկետը:

Պետք է կողմնորոշվել: Հիշենք հռոմեական իրավունքի «non concedit venire contra factum proprium» սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է հակասի սեփական գործողություններին:

Ի դեպ, բացառում եմ ԳԴ բոլոր դատավորների համար պաշտոնավարման 12 տարի ժամկետի տարբերակը:

Տարբերակ երկրորդ՝ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում՝ վճռաբեկություն իրականացնող դատավորների համար սահմանվում է՝ պաշտոնավարում մինչև 65 տարեկան, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորի համար՝ պաշտոնավարման 12 տարի ժամկետ: Եթե գնան այս ճանապարհով, ապա կրկին կապացուցվի, որ սահմանադրական արդարադատությունը գերագույն դատարանի համակարգում օտար մարմին է (Տե՛ս Ղրղզստանի օրինակը):

Երբեք չէի մտածի, որ այս չափ անմշակ և «օդից ընկած» հարցին հարկադրված կլինեմ այս չափ լուրջ մոտենալ և այսքան ժամանակ տրամադրել: Երկար կարելի է խոսել, բայց պետք է այստեղ և այսքանով սահմանափակվել»:

--00--ԱՀ