Հանուն լիբանանահայության և սիրիահայության․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News   

Հակոբ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչը Հակոբ Տեր-Խաչատուրյանը դիմել է  ուղերձով.

«Սիրելի հոգեհարազատներ,

Միջինարեւելյան տագնապները մեզ բոլորիս հարկադրանքի տակ են դնում, որպեսզի ձեռք երկարենք եւ հասնենք օժանդակության այն համայնքներին, որոնք եղել են կենսատու սիրտը սփյուռքահայության։ Լիբանանի պարագայում ձեզ ծանոթ է, որ հոկտեմբերից սկսված տնտեսական տագնապը, առավել թագաժահրի գործած ավերը, ինչպես նաեւ վերջին պայթյունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ուր անհրաժեշտ է անմիջականորեն կազմակերպվել եւ օգնության ձեռք երկարել լիբանանահայությանը, որպեսզի նա վերագտնի իր նախկին կենսունակությունը եւ ինչպես անցյալում, ապագայում եւս շարունակի իր կենտրոնական դերը համասփյուռքյան եւ համահայկական առումով։

Սիրիայի պարագայում ավելի անմիջական եւ ճգնաժամային է կացությունը, նկատի ունենալով, որ երկիրը նաեւ շրջափակված է մի շարք արեւմտյան պետությունների կողմից եւ օժանդակություն հասցնելու խնդիրն էլ դժվարացել է։ Բայց դա մեզ չի հուսահատեցնում եւ այդ ուղղությամբ բոլորս պետք է տանենք այն հարկավոր աշխատանքը, որպեսզի այդ գաղութն էլ ունենա անհրաժեշտ բժշկական, առողջապահական եւ մարդկային միջոցները, որպեսզի նա եւս վերականգնի իր նախկին կենսունակ վիճակը։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ եւ ԱՀ կառավարություններին, մեր երկու կաթողիկոսներին, կրոնական պետերին եւ համահայկական բոլոր կառույցներին, որոնք առաջին օրվանից, օժանդակության ձեռք երկարեցին Լիբանանին եւ տակավին շարունակում են հանգանակության եւ օժանդակության արշավները։

Ուզում եմ նշել, նաեւ հատուկ աշխատանքը, որ տանում ենք Սիրիայի պարագայում ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործոց նախարարությունների հետ, ի մասնավորի՝ այնտեղ դաշտային հիվանդանոց հիմնելու ուղղությամբ, որպեսզի հասնենք մեր ժողովրդի առողջապահական կարիքներին։ Նշեմ նաեւ, որ Հալեպում գտնվող մարդասիրական պահակազորը արդեն իսկ իր կարեւոր օժանդակությունն է տալիս Սիրիային ընդհարապես եւ հատկապես հայ համայնքին։ Սրանք իսկական եւ լավ օրինակներ են համազգային ճիգի, ամբողջական նվիրումի, համահայկական ուժի կուտակման եւ հստակ թիրախավորելու այն երկու պատմական ու կարեւոր համայնքները, որոնք բաբախուն սիրտն են հանդիսացել Սփյուռքի։

Վստահ ենք, որ մեր այդ համայնքները պետք է վերականգնվեն ու վերադառնան իրենց նախկին կենսունակ եւ ամբողջապես հայ ժողովրդին նվիրված դերին»։

-- 00—ՄՀ