Դոնալդ Թրամփը` հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

թրամփ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որում նշված է.

«Օգոստոսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ հանրապետական կուսակցության ազգային համագումարը։ Ի սկզբանե համագումարը նախատեսվում էր անցկացնել Շառլոթում (Հյուսիսային Կարոլինա) ավանդական հավաքույթ անցկացնելու համար, սակայն հունիսին կուսակցությունը համագումարի մեծ մասը տեղափոխեց Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաք ՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Հյուսիսային Կարոլինայի նահանգապետի հետ բախումից հետո: Այնուհետև հուլիսի վերջին Թրամփը չեղյալ հայտարարեց Ջեքսոնվիլում անցկացվող համագումարի հատվածը, քանի որ նահանգում վարակվածների թիվն ավելացավ: Կուսակցությունը հակվեց թվային տարբերակին: Համագումարի որոշ ընթացակարգեր, թեև կտրուկ կրճատված իրենց մասշտաբով, անցկացվեցին Շառլոթում, ինչպես օրինակ «փոքր, պաշտոնական գործարար հանդիպումները»: Այնուամենայնիվ, սահմանափակումների պատճառով ոչ բոլոր պատվիրակները մասնակցեցին: Ավանդաբար մասնակցում է մոտ 2500 պատվիրակ, այս անգամ պատվիրակները 336-ն էին․ մեկ հոգի յուրաքանչյուր վեց պատվիրակի համար:

Հանրապետականներն իրենց ազգային համագումարը մեկնարկեցին ելույթների շարքով, որոնց դիտակետում նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի հաջողություներն էին։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկկի Հեյլին պնդում էր, որ Թրամփը «վաստակել է նախագահի պաշոնում ևս չորս տարի մնալը» ՝ գովաբանելով նրա հարաբերությունները Չինաստանի հետ և ԴԱԻՇ-ի դեմ ռազմական ձեռքբերումները: Երեկոյան գերակշռում էր նաև հակադեմոկրատական ​​հռետորաբանությունը, որի ընթացքում ելույթ ունեցողները քննադատում էին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին և Դեմոկրատական ​​կուսակցությանը: Երեկոյի ամենահիշարժան ելույթներից մեկում Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը հայտնեց, որ Բայդենը «երկիրը կվերածի սոցիալիստական ​​ուտոպիայի»: Սքոթը, ով Սենատում միակ սևամորթ հանրապետականն է, նույնպես քննադատեց Բայդենին, ինչպես նաև Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված ռասայական անկարգություններին դեմոկրատների քաղաքական արձագանքը: Նախագահի ավագ որդին ՝ Դոնալդ Թրամփ կրտսերը նույնպես քննադատեց Ջո Բայդենին իր ելույթում՝ նշելով « Ջո Բայդենը և արմատական ձախերը գալիս են խոսքի ազատության ետևից և ուզում են մեզ վախեցնելով ենթարկեցնել»։

Երկրորդ օրը սկսվեց նախագահ Թրամփի կողմից Քաղաքացիություն ստանալու արարողությանը մասնակցությամբ, որտեղ նա անձամբ դիմեց ԱՄՆ նոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ էին գաղթել Լիբանանից, Բոլիվիայից, Հնդկաստանից և Սուդանից։ Թրամփը, ում մեղադրում են ներգաղթյաներին դեմ լինելու մեջ՝ ապօրինի ներգաղթի հանդեպ իր կոշտ դիրքորոշման համար, օգտագործեց այս պահը ընդգծելու իր աջակցությունը նրանց նկատմամբ, ովքեր երկիր են մուտք գործում օրինական ճանապարհով։ Արարողության ընթացքում Թրամփն ասաց․ «Դուք հետևեցիք կանոններին, ենթարկվեցիք օրենքներին, սովորեցիք մեր պատմությունը, ընդունեցիք մեր արժեքները և ապացուցեցիք, որ բարձրագույն ազնվության տեր տղամարդիկ և կանայք եք․․․ Դա հեշտ չէ, դուք շատ բանի միջով եք անցել․ Եվ մենք գնահատում ենք, որ դուք այսօր մեզ հետ եք այստեղ:

Հանրապետական ազգային համագումարի երկրորդ օրվա ընթացքում հանդես եկավ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ելույթը նախապես նկարահանվել էր Երուսաղեմում։ Պոմպեոն հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը դրական օգուտ է բերել ամբողջ աշխարհին. սկսած Չինաստանին պատասխանատվության ենթարկելուց և կորոնավիրուսի համաճարակի հարցում իր դերից մինչև Իսլամական պետությանը պարտության մատնելը։ Համագումարի ընթացքում ելույթ ունենալու մասին Պոմպեոյի որոշումը քննադատության արժանացավ դիվանագետների և Կոնգրեսի դեմոկրատների կողմից, ովքեր հայտարարեցին, որ կքննեն, թե արդյոք օրինական է քաղաքական իրադարձությանը նրա ներկայությունը: Պոմպեոյի խորհրդականները պաշտպանել են Համագումարին նրա ներկա գտնվելը՝ ասելով, որ նա գործում էր որպես մասնավոր անձ և որ ոչ մի պետական ռեսուրսներ չեն օգտագործվել:

Համագումարի երրորդ օրվա գլխավոր խոսնակն էր փոխնախագահ Մայք Փենսը, ով ընդգծեց Թրամփի վարչակազմի հաջողություններն ու քննադատեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին։ Փոխնախագահը նշեց, որ Թրամփը ետ կբերի ԱՄՆ տնտեսությունը մինչհամավարակային իր բարձունքին, եթե պաշտոնավարման ևս 4 տարի ստանա։ Ըստ փոխնախագահի պնդման «երբ հաշվի ես առնում նրանց (դեմոկրատների) օրակարգը, պարզ է դառնում, որ Ջո Բայդենը կլինի ոչ այլ ինչ, քան արմատական ձախ ուժի համար տրոյական ձի․․․ Այս ընտրության մեջ ընտրությունը երբեք ավելի պարզ չի եղել, և խաղադրույքները երբեք ավելի բարձր չեն եղել:

Օգոստոսի 27-ին ավարտվեց Հանրապետական ազգային համագումարը, և աշնանային քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է այն բանից հետո, երբ Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունեց հանրապետականների նախագահի թեկնածությունը՝ պայքարելու նախագահի երկրորդ ժամկետի համար։ Նա հանդես եկավ ելույթով Սպիտակ տան Հարավային մարգագետնի տարածքից։ ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը նույնպես ելույթով հանդես եկավ համագումարի վերջին օրը՝ գովեստի խոսքեր հղելով նախագահ Թրամփին՝ հայտնելով, որ Թրամփն իր առաքելությունը դարձրել է ամերիկացիների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելը։ Մինչդեռ ըստ նրա՝ «այսօրվա Դեմոկրատական կուսակցությունը չի ցանկանում բարելավել կյանքը միջին Ամերիկայի համար»։ Ամփոփիչ երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, ով բնութագրեց իր հորը որպես «ժողովրդի նախագահ»։

Հանրապետական ազգային համագումարն ավարտվեց նախագահ Թրամփի իր առաջադրման ընդունման շուրջ մեկ ժամ տևած ելույթով։ Նախագահը խոսեց մոտ 2000 աջակիցների առջև, ովքեր հրավիրվել էին Սպիտակ տուն։ Թրամփը մասնավորապես նշեց, որ «այս ընտրությունն ամենակարևորն է երկրի պատմության մեջ»։ Ըստ նախագահի «նախկինում երբևէ ընտրողները չեն առերեսվել ավելի հստակ ընտրության երկու կուսակցությունների, երկու տեսլականների, երկու փիլիսոփայությունների կամ երկու օրակարգերի միջև: Այս ընտրությունը կորոշի՝ արդյոք մենք կփրկենք ամերիկյան երազանքը, թե՞ թույլ ենք տալիս, որ սոցիալիստական օրակարգը քանդի մեր նվիրական ճակատագիրը»։ Նախագահ Թրամփը նշեց, որ «հանրապետական կուսակցությունը կմնա այն հայրենասեր հերոսների ձայնը, ովքեր ԱՄՆ անվտանգությունն են ապահովում»։
Քննադատության թիրախում բնականաբար հայտնվեց Բայդենը, ում նախագահը որակեց որպես «տրոյական ձի սոցիալիզմի համար»։ Ավելին, ըստ Թրամփի «եթե իշխանություն տրվի Ջո Բայդենին, արմատական ձախերը միջոցներից կզրկեն ոստիկանության բաժանմունքները ամբողջ Ամերիկայում... Բայդենի Ամերիկայում ոչ ոք ապահով չի լինի»:
Նախագահը նաև անդրադարձ կատարեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին նշելով, որ «իրականացվել է խոշորագույն մոբիլիզացիա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, արտադրվել է թոքերի օդափոխման սարքերի խոշորագույն քանակն աշխարհում և առաքվել հարյուր միլիոնավոր դիմակներ, ձեռնոցներ և բժշկական խալաթներ առաջնագծում կանգնած բուժաշխատողների համար․․․այս տարի մենք կունենանք անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ և կոչնչացնենք վարակը» »։

--00--ԱԹ