Պատմական նոր փուլ, նոր իրավիճակ, որ ստեղծվեց հուլիսյան հաղթական մարտերից հետո. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մինչ Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներին պարգևատրելն արձանագրել է, որ պատմության մեջ զինված ուժերի հետ կապված բոլոր ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու և սա պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանի ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ։

«Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է։ Այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն»,-ասաց Փաշինյանը։

Նա արձանագրեց, որ հերոսները լինում են ոչ միան գրքերում, այլև մեր կողքին ու ապրում են մեզ հետ, ուստի բոլորն էլ կարող են հերոսանալ ամեն օր ու ամենուր։

Նշենք, որ արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, կառավարության անդամները, գեներալներ և այլ պաշտոնյաներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով Տավուշի հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ