Գավառում ոստիկանությունը մարտական ատրճանակ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News   

Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ կամրջի մոտ ապօրինի զենք-զինամթերք է թողում։ Հիշյալ տարածքում Գավառի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարներով երկու ատրճանակ, որոնցից մեկը՝ մարտական։ Այն լիցքավորված էր երկու փամփուշտով։
Գորիսում բնակվող 20-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 5,45 մմ տրամաչափի 270 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ գտել էր Սիրիկ գյուղի դաշտերից։
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի մի բնակչուհի ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հորդորներով կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու ինքնաձիգն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրազեն ու 7,62 մմ տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Դրանք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ որդուն։
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 95 փամփուշտ, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել գոմում։
Գործարանային համարով որսորդական հրացանն ու տարբեր տրամաչափի 50 փամփուշտը ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Թեղենիք գյուղի մի բնակիչ։
Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ քեռուն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանների բացատրական աշխատանքը շարունակվում է։

-- 00—ՄՀ