ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինաշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News   

տկե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանն այցելել են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների առաջընթացին։

Լոտ-1-ում‚ որն ընդգրկում է Թումանյան-«Սանահին» կայարան հատվածը‚ շինաշխատանքների տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի ներկայացուցիչները տեղեկացրել են‚ որ հողային աշխատանքներն այդտեղ գրեթե ավարտվել են‚ իրականացվում է մոտ 700 մ հենապատի կառուցում։ Ճանապարհի մի հատվածը պատրաստ է պատվածքի կառուցման. կապալառու կազմակերպությունը սպասում է տեխհսկողի կողմից ճանապարհի հիմքի համար օգտագործվող նյութերի հաստատմանը‚ որպեսզի իրականացնեն հիմքի տեղադրում։ Քննարկվել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման համար առաջարկվող լուծումները։

Լոտ-2-ում՝ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում‚ նույնպես կառուցվում են հենապատեր‚ իրականացվում են ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ‚ Ալավերդու «Էնգելս» թաղամասում ուղղվում է ավազակոպճային ենթահիմքը‚ որին կհետևի հիմքի տեղադրումն ու ասֆալտապատումը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը հավաստիացրել է‚ որ փոշու քանակը վերահսկելու նպատակով կատարում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։

ՏԿԵ նախարարը նշում է, որ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում ճանապարհի քաղաքային հատվածի արտաքին լուսավորության խնդիրը ներառելու հնարավորության‚ հանրային տրանսպորտի համար կանգառներ տեղակայելու հարցերին։

Լոտ-3-ի՝ Այրումից դեպի Բագրատաշեն հատվածում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ Նախարարի տեղակալը շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է նաև նախագծային փոփոխությունների հետևանքով առաջացող լրացուցիչ օտարումների‚ շինարարության ժամկետների հետ կապված և այլ հարցեր։ Նա նաև առկա թերությունների վերացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել։

-- 00—ՄՀ