Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

քննչական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 47-ամյա տղամարդու կողմից ընկերոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խնձորուտ փողոցի տներից մեկի ավտոտնակում, հարևանների հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչի և վերջինիս 45-ամյա ընկերոջ միջև: Վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից 47-ամյա տղամարդու մոր հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, վերջինիս ապակյա շշով հարվածել է  ընկերոջ գլխին՝ ջարդելով շիշը, որից հետո ձեռքին մնացած կոտրված շշի սուր եզրով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին՝ տղամարդու առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ առաջացնելով  դեմքի անջնջելի այլանդակում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

--00--ԱԹ