Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 27-ին մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Դատական նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր ազատ արձակել  Գագիկ Խաչատրյանին կամ առնվազն գրավ կիրառել՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ՝ նույնպես։ Միջնորդության պատճառներից մեկն էլ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

--00—ԼՄ