Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Միջերկրականում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News  

զորավարժություն

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին:  

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իտալական ռազմանավի մասնակցությամբ մեկօրյա ծովային ուսումնավարժանքի անցկացման մասին: Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։

Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Կրետե կղզու հարավում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հունական ուժերին պատկանով F-16 կործանիչներ և ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» 4-րդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք արդեն իսկ տեղակայվել են Կիպրոսի Հանրապետությունում:  

Այդ թեմայով հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԶՈՒ-ն: Ըստ այդմ` Ֆրանսիան զորավարժություններին կմասնակցի 3 կործանիչով և 1 ֆրեգատով։

Հիշեցնենք, որ Թուրքիան երկարաձգել էր  «Oruç Reis» նավով Արևելյան Միջերկրականի ջրերում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար հայտարարած NAVTEX-ի (միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ժամկետները։  Դրանով օգոստոսի 23-ին ավարտվելիք գործողությունները շարունակվելու են մինչև օգոստոսի 27-ը։

NAVTEX-ի ժամկետները երկարաձգելու մասին Անկարայի հայտարարությունից հետո Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելու նպատակով NAVTEX էր հայտարարել նաև Հունաստանը։ Սրան ի պատասխան՝ Թուրքիան էլ էր առանձին NAVTEX հայտարարել հետազոտությունների անցկացման վայրից ոչ հեռու մեկօրյա վարժանք անցկացնելու նպատակով։

-- 00—ՄՀ