Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, Transfermarkt հեղինակավոր հարթակն այսօր՝ օգոստոսի 25-ին, թարմացրել է 31-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ տվյալները՝ նշելով, որ հիմա նրա տրանսֆերն արժի 20 մլն եվրո: Կիսապաշտպանի արժեքը նույնքան էր նաև՝ ըստ նախորդ տվյալների, որոնք հրապարակվել էին այս տարվա ապրիլի 8-ին:

2019-20 մրցաշրջանի սկզբում Լոնդոնի «Արսենալից» հռոմեական թիմ տեղափոխվելուց հետո կիսապաշտպանի տրանասֆերային արժեքն ավելի բարձր էր: 2019թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ կազմում էր 25 մլն եվրո: Ընդհանրապես ողջ 2019թ. ընթացքում, նաեւ «զինագործների» կազմում հանդես գալիս, նրա արժեքը 25 մլն էր: Դրանից հետո՝ այս տարի, սակայն, նվազեց:

Մխիթարյանը կարիերայի ընթացքում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցել է «Մանչեստեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակ: 2016թ. օգոստոսից մինչեւ 2017թ. փետրվարն այն կազմել է 37 մլն եվրո: Ամենացածր տրանսֆերային արժեքն ունեցել է 2009թ., երբ «Փյունիկի» խաղացող էր՝ 600 հազար եվրո:

Այս շրջանում Մխիթարյանն արձակուրդն է վայելում ընտանիքի հետ: Նա արդեն լուծել է այն հարցը, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում: «Արսենալն» ու «Ռոման» տեւական ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ նրա հարցում, սակայն ի վերջո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա իտալական թիմում կմնա մինչեւ 2021թ. ամառ: Այդ մասին ֆուտբոլիստը վերջերս հայտնել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Նաեւ ավելացրել է, որ թեեւ 2 անգամ վնասվածքները խանգարել են իրեն, մրցաշրջանն իր համար լավն է եղել:

Ավարտված 2020-21 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դուրս մնաց Եվրոպա լիգայից՝ ճանապարհը զիջելով ապագա չեմպիոն «Սեւիլիային»: Հաջորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը կրկին այդ մրցաշարում խաղալու հնարավորություն կստանա, քանի որ Ա Սերիայի ավարտված առաջնությունում «Ռոման» Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել:

--00--ԱԹ