Բացառիկը՝ Էդուարդ Եգորյանին հիշելով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

եգորյան

Անկախության հռչակագրի 30-ամյակին 

«Պահանջատիրությունը սեփական հնարավորությունները գերազանցող խնդրի առաջադրումն է»:

Էդուարդ Եգորյան, Հայք, օգոստոս, 1991 թ.

 

Անկախ և ինքնիշխան պետականության պինդ հարատևության շարունակականության գրավականը նաև քաղաքական և պետական մեծերին ու երևելիներին ըստ հավուրպատշաճի հիշելն է և ըստ արժանվույն գնահատելը, նրանց կյանքի ու գործի անկանգառ ապահովումն է հանրային կյանքում՝ հասարակության հիշողությունում: 

1999 թվականի օգոստոսին մեզանից հեռացած քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը մի անհատականություն էր, ում լավ գիտեն պոլիտիկայի շրջանակներում, բայց քիչ է խոսվում լրատվության և հասարակության մեջ: Սա շտկման կարիք ունի, քանի որ Եգորյանն այն նվիրյալներից էր, որի գաղափարական սկզբունքայնությունը բացառիկ դրսևորում ուներ, և իր հետքը նորանկախ Հայաստանի իրավական ու ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման, կայացման գործում ընգծված խոշոր է: Եգորյանը կանգնած է 1990 թ. Անկախության հռչակագրի և 1995 թ. Սահմանադրության ստեղծման հիմքերում: Այսինքն՝ հայկական ամենակարևոր ֆունդամենտը նաև նրա ձեռքի շաղախով է ստեղծվել: 

Պատմության մեջ կա առաջին դեմքի երկու տիպաբանություն՝ առաջնորդներ և գլխավորներ: Առաջինները օժտված են հովվապետական լիդերությամբ, զանգվածներին առաջնորդելու ու համակարգերը կառավարելու կամքով, մյուսները՝ զանգվածային և համապետական նշանակության աշխատանքում ստեղծագործական ու կազմակերպչական բացառիկ ընդունակությամբ: 

Եգորյանը երբեք երկրորդ դեմք չի եղել: 

Նրա միտքի խորությունը չեր ավարտվում կամ կանգնեցվում մեկ ուրիշի մտավոր գերազանցությամբ` հնարավոր էր միայն բանավեճը: Իր ստեղծագործական ներուժի կյանքի կոչման գործում Եգորյանի աշխատասիրությունը լրջագույն արդյունքներ էր ապահովվում: Նա Շարժման իշխանության ամենաաշխատող դեմքերից էր ու անկախության առաջին տասնամյակի ընգծված ականավորություն ունեցող քաղաքական գործիչներից մեկը: Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ Եգորյանի հետ հավասար կարող են կանգնել երկու-երեք հոգի: 

Սակայն պրոֆեսիոնալ գերազանցությունը, որը քչերի յուրահատկությունն է, միայն արհեստավարժության կատարելություն է բնորոշում, եթե չունի իր հետ այլ հավելվածներ: Էդուարդ Եգորյանի բացառիկությունը ամբողջացնում է նրա գաղափարական սկզբունքայնության անխախտ հետևողականությունը: 

Նա դեմոկրատական արժեքների և սահմանադրական ինստիտուտի, ընտրական ճկուն համակարգի, սոցիալական արդար հարաբերությունների, ազատ ձեռնարկատիրության կողմնակիցն էր և իր հավատավորության մեջ սկզբունքորեն աննահաջ: Եգորյանը ոչ թե հետևորդ էր, այլ իդեայի գեներացնող: Եվ հետաքրքիրն այն է, թե ինչպես էր նա անկախ պետության արժեհամակարգը, որի ճարտարապետներից էր նաև ինքը, ներկայացնում ու հետևողական պայքարում սույնի կյանքի կոչման և ստերիլ պահպանման համար: Անտիկ Հռոմում այդպիսի ամբողջական բնորոշում ունեին Կատոն Կրտսերը կամ Ցիցերոնը: 

Հիմա, երբ գրեթե երեսուն տարի մենք ապրում ենք անկախության մեջ առավել շատ կարիք ունենք շեշտադրում անելու այն նվիրյալների վրա, որոնք ամագ ունեն ինքնիշխանության պայքարի և հաղթանակի գործում, ինչպիսին որ Եգորյանն էր: Պետք է քաղաքների, գյուղերի, ավանների ու շեների և դպրոցների ու փողոցների, հրապարակների անունները վերափեխվեն նրանց անուններով: Անդադար հասարակությունը կերակրվի այս մարդկանց նվիրյալության պատմություններով, որպեսզի քաղաքացին իր մեծերին ու երևելիներին միայն տոնի և հիշատակի օրերին չհիշի: Ինչպես եկեղեցին է հիմնվում նաև սրբերի դասի ու երկնային զորության անվան վրա, այդպես էլ քաղաքական իշխանությունը, պետությունն է կանգնում իր հերոսների ու ակնառուների անվան վրա: 

Այսօրվա կառավարչակազմը շատ է թերանում այս գործում, քանզի թերարժեքության բարդույթը թույլ չի տալիս լայնախոհ լինել, և 2018 թ. բացի՝ այլ բանները տեսնելու, իսկ պետական մտածողության բացը բերում է փակուղու: Դրա համար քաղաքական ու հանրային անհատները և էլեմենտները պիտի ակտիվանան այս գործում: 

Անկախության դեկլարացիայի ամեն տարին` հատկապես հոբելյանականները, պետք է պետական բարձր մակարդակով նշվեն, ու հեռուստաընկերությունները, լրատվամիջոցները շատ լուրջ մոտենան այս երևույթին: Չկա իրեն հարգող պետություն կամ ազգ, որն իր մեջ չի կրում յուր հերոսական և պետականաշեն պատմությունը ու նրա դեմքերին: Առանց այս մոտեցման՝ լրջություն չկա: Եվ մեր` երախտավորներիս, խնդիրն է փայփայանքով մոտենալը, անմահ գործերի կենդանությունն ապահովելը: 

Վերջացնում եմ Էդուարդ Եգորյանի խոսքով, որի իմաստը չի կորցրել արդիականությունը. 

«Կարծում եմ՝ այնպիսի ժամանակներ են, որ կարելի է ասել՝ մենք կունենանք այն իշխանությունը, որին արժանի ենք։ Մեր ապագան մեր ձեռքում է, և չպետք է հույս դնել ինչ-որ արտաքին ուժերի վրա։ Եթե ձախողվենք, մեղավոր ենք միայն ու միայն մենք»:

Էդուարդ Եգորյան, 1990 թ.: 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ