Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:

«Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երևի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Թերևս, առավել շատ անտանելի է նրանց համար, ովքեր այդ օրերին խրամատում կանգնած պաշտպանում էին առաջնագիծը և այսօր էլ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց զինվորական պարտականությունը: Նրանք երբևէ այդ մասին չեն խոսել և, հավատացած եմ՝ չեն խոսելու: Բայց ահա ես որոշել եմ խոսել ու ներկայացնել այն, ինչն արդեն ներկայացրել եմ իմ կողմից պատրաստված և 2017թ. հրատարակված «Ապրիլյան քառօրյա առճակատում» վերտառությամբ աշխատության եզրափակիչ հատվածում: Չնայած մի քիչ երկար է, բայցևայնպես փորձեք մինչև վերջ կարդալ և ինքներդ դատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով:

Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А»(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Ի մի բերելով քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:

Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետևյալ խնդիրները.

ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման և շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.

բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ և, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ «status-quo»-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.

գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ «գրավյալ տարածքների» ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.

դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.

ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության և տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.

զ) ստուգել հայկական ուժերի և միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.

է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային և օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել «հակառակորդի ճամբարում», իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը և ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից»,- գրել է նա:

Հասրաթյանը եզրափակում է` կարելի է փաստել, որ՝

ա)ադրբեջանական լայնածավալ ագրեսիան ավարտվեց հակառակորդի կողմից նախապես ծրագրված գործողությունների կատարյալ ձախողմամբ.

բ)Արցախի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատեց իր վճռականությունը՝ ցանկացած գնով, ազատ ու անկախ գոյակցելու սեփական իրավունքը պաշտպանելու համար.

գ) ապրիլյան քառօրյայի ընթացքում հակառակորդի իրականացրած վայրագությունները միջազգային հանրության առավել լայն շրջանակներում ամրապնդեցին այն համոզմունքը, որ Ադրբեջանի կազմում Արցախի խաղաղ գոյակցությունը ոչ միայն անհեռանկար, այլև անհնար է:

Գրառումն ամբողջությամբ` ՊԲ նախկին խոսնակի ֆեյսբուքյան էջում:

--00--ԱԹ