«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Պիկասո

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարեցնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը և «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, ապահովելով հակահամաճարակային կանոնները, վերաբացվել են օգոստոսի 20-ից` ՀՀ պարետի N 253 որոշման համաձայն։

Ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդեսն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի տոմսի արժեքը 500-ից 3500 դրամ է, իսկ մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքն անվճար է։ Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ և կրթական ծրագրեր, որոնք հարկավոր է ամրագրել նախապես։

Օգոստոսի 25-30-ը Ազգային պատկերասրահն աշխատում է ժամը 11:00-ից մինչև 20:30-ը (17:30-ից` մուտքը Արամի փողոցից): «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կազմակերպել են Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահն ու «Art of the Nations» հիմնադրամը` Երևանում Ռուսաստանի դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

-- 00—ՄՀ