Ադրբեջանցիներն ու թուշերը մահակներով ծեծել են ջավախքցիների․ երեխայի քիթ է ջարդվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

արմեն

Երեկ բախումներ են տեղի ունեցել Վրաստանում բնակվող հայերի, ադրբեջանցիների ու թուշերի միջև։ Կեսօրին Նինոծմինդայի շրջանի երկու գյուղերի բնակիչներ գնացել են իրենց սարերում խոտհունձի, սակայն պարզվել է, որ ադրբեջանցիներն իրենց ոչխարի հոտը քշել են հայերի տարածք։ Այդ մասին 24News-ին հայտնեց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նա պատմեց, որ Նինոծմինդա շրջանի բնակիչները բացատրել են՝ տարածքն իրենց է պատկանում, ու խնդրել հոտը հետ քաշել։ Ադրբեջանցիները հեռացել են, սակայն որոշ ժամանակ անց կրկին ոչխարները հետ են բերել։

«Գյուղացիներն էլ երկու երեխա են ուղարկել, որ «խաբար» տան, թե պայմանավորվածություն կա, հարցնեն՝ ինչո՞ւ են նորից ոչխարներով եկել։ Երեխաները գնացել են, որ ինֆորմացիան փոխանցեն ադրբեջանցիներին, սակայն ադրբեջանցիները երեխաներին ծեծել են, նույնիսկ նրանցից մեկի քիթը ջարդվել է»,-հայտնեց Ավետիսյանը, ապա հավելեց, որ երբ հայերը երեխաներին տեսել են ծեծված, գնացել են՝ պարզելու, թե ո՞րն է խնդիրը, և հենց այդ ժամանակ էլ բախում է եղել։

«Պարզվում է, որ երբ ադրբեջանցիները սարից իջել են, մահակներ են վերցրել ու կրկին վերադարձել են, փայտե մահակներով ու երկաթյա ձողերով էլ գյուղացիներին ծեծել են։ Այդ ընթացքում նույնիսկ Վրաստանի սահմանապահ ուժերն են մոտեցել, սակայն ադրբեջանցիներն ու թուշերը սկսել են ծեծել նաև սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին»,-նշեց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենը։

Արմեն Ավետիսյանը նաև պատմեց, որ ո՛չ հետխորհրդային շրջանում, ո՛չ մինչ այդ նման դեպք չի եղել, որ ադրբեջանցիներն իրենց ոչխարներին բերեն հայերի տարածք, սակայն այս տարի սա երկրորդ դեպքն է։ Նախորդ անգամ էլ՝ մոտ մեկ ամիս առաջ, թուշերն ու ադրբեջանցիներն Ախալցխայի հայկական գյուղերի արոտավայրեր են բերել ոչխարների հոտը, սակայն բնակչությունը հավաքվել է և նրանց «վռնդել» այդտեղից, իրավապահներին էլ տեղեկացրել են, որ դա իրենց տարածքն է, որպեսզի հետևողական լինեն։

«Փաստորեն, երբ Ախալցխայից թուշերին ու ադրբեջանցիներին քշել են, նրանք եկել են այստեղի արոտավայրեր։ Այս իրավիճակին րոպե առաջ Վրաստանի իրավապահ մարմինները պետք է լուծում տան, քանի որ սա հղի է անկանխատեսելի վտանգներով։

Հիմա խնդիրը կենցաղային հողի վրա է, սակայն կարող է վերածվել ազգամիջյան բախման»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, կարծում եք՝ այս կերպ ադրբեջքանցիներն ու թուշերը փորձում են սադրե՞լ հայերին, նա պատասախնեց․ «Ինչ-որ բան այն չէ, կարելի է ենթադրել, որ սադրում են։ Այս բախումը ոչ մի կողմի համար ձեռնտու չէ՝ բացի Ադրբեջանից։ Այսքան ժամանակ ադրբեջանցիները, թուշերը «յոլա» են գնացել՝ առանց այս արոտավայրերի, սակայն հիմա արդեն երկրորդ դեպքն է։ Հասկանո՞ւմ եք՝ երկաթյա ձողերով ու փայտերով զինված են եղել, ինչ-որ մեկը պիտի իրեն ուղղորդեր, որ այդ կերպ վարվեին այդ տարածքի տերերի հետ»,-ամփոփելով խոսքը՝ ասաց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ