Եթե իշխանությունը կարևորություն տա սիրիահայերին, մարդիկ չեն գնա այստեղից. «Հայրենիք»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Օգոստոսի 21-ին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը հյուրընկալեց մի խումբ սիրիահայերի։ Այս մասին նշվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում։

Ողջունելով հյուրերին և ընդգծելով, որ «Հայրենիք»-ի համար կարևոր է յուրաքանչյուր հայի ապահովությունն ու բարեկեցությունը հատկապես հայրենիքում՝ Արա Սահակյանը ներկայացրեց քաղաքական ուժի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները։

Կիսելով «Հայրենիք»-ի արժեքները և համաձայնելով, որ դրանք պետք է պաշտպանել ցանկացած ոտնձգությունից՝ հյուրերը ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջնային խնդիրները։

Բոլորը միաբերան նշեցին, որ ամենացավոտը կեցության խնդիրն է․ Սիրիայից հայրենիք տեղափոխված հայերի գերակշիռ մասը, ըստ նրանց, վարձով է բնակվում։

«Պատերազմի ժամանակ 20-25000 սիրիահայ եկավ հայրենիք, բայց Հայաստանի իշխանություններն ինչպես հարկն է ուշադրություն չդարձրին, և կեսից ավելին հետ դարձավ Սիրիա կամ մեկ ուրիշ երկիր մեկնեց։ Եթե իշխանությունը մի քիչ կարևորություն տա սիրիահայերին, մարդիկ չեն գնա այստեղից»,-ասաց Պետրոս Բերբերյանը։

Վարդան Թոքաթլյանը պատմեց, որ հատկապես համավարակի ընթացքում շատ սիրիահայեր մնացին առանց տանիքի։ «Շատերին տներից հանեցին վարձավճարի պատճառով։ Շատերի հոսանքն ու գազը կտրեցին այս օրերին։ Իսկ Սիրիայում պատահում էր, որ ամիսներով վարձ չէինք տալիս, բայց մեր հոսանքն ու գազը չէին կտրում, իսկ այստեղ մի ժամ հետո կտրում են»,-ասաց Թոքաթլյանը։

Ռազմիկ Տեր-Դավիդյանը կիսաթանկարժեք քարեր է մշակում ու վաճառում։ Համավարակի ընթացքում եկամուտը կտրուկ նվազել է։ «Ես այդ քարերը պիտի Հայաստանից դուրս ուղարկեմ, բայց չեմ կարողանում․ պաշտոնյաները ֆուտբոլի գնդակի նման տեղետեղ են ուղարկում՝ այս փաստաթուղթը բերելու, այն փաստաթուղթը բերելու, հետո էլ ասում՝ արդեն ուշացար»,-պատմեց վարպետ Ռազմիկը՝ ավելացնելով, որ եթե այսպես շարունակվի, սահմանը բացվելուն պես կհեռանա Հայաստանից։

Ավետիս Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ կառավարությունից բնակարան չի ակնկալում։ «Չեմ ասում՝ անվճար տան։ Թող գոնե բանկով տուն ձեռք բերելու հնարավորություն ստեղծեն։ Կամ թեկուզ հող տան, որի վրա մենք տուն կկառուցենք»,-ասաց նա։

Հյուրերը նաև պատմեցին, որ սիրիահայերին տրամադրվող հումանիտար օգնությունը համաչափ չի բաշխվում, ինչն ընդհանուր դժգոհություն է հարուցում։

«Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը, լսելով սիրիահայ հայրենակիցների խնդիրները, պատրաստակամություն հայտնեց կուսակցության հնարավորությունների սահմանում օժանդակել թե՛ խնդիրների բարձրաձայնմանը և թե՛ լուծմանը։

Հանդիպման մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության, որ հաջողության կհասնեն, եթե կառավարության առջև հանդես գան որպես կազմակերպված, միասնական ուժ։

«Հայրենիք»-ի ներկայացուցիչների և սիրիահայերի հանդիպումները շարունակական կլինեն։

--00—ԼՄ