Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

բախում

Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: 

Օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցքի մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով: 

--00—ՄՀ