Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ն ու ավազով բարձված «КАМАЗ»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

Օգոստոսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արամուս գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Վ․-ի վարած «КАМАЗ» մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հարութ Ղ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հարութ Ղ․-ն, նրա ուղևորները՝ Հրազդան քաղաքի բնակիչներ, 64-ամյա Անահիտ Ղ․-ն, 59-ամյա Օֆելյա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լուսինե Հ․-ն՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ լինում, և հիմնական մեղավորը ավազով բարձված բեռնատարներն են լինում, քանի որ վարորդները, ավազահանքից դուրս գալով, ոչ թույլատրելի հատվածով փորձում են անցնել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ են ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դառնում է վթարի պատճառ։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ տարիներ առաջ Կապի և տրանսպորտի նախարարությունը խոստացել էր, որ այդ հատվածում կտեղադրի երկաթբետոնե արգելապատնեշներ, սակայն խոստումներն իրականություն չեն դարձել։ 

--00—ԼՄ