Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ ԿԳՄՍՆ ուղեցույց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News  

Աշակերտ

ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել, որում ներկայացված են սովորողի համար կանոններ։ Ըստ այդ կանոնների՝

  1. Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, մասնավորապես՝

  • արյան բարձր ճնշում
  • շաքարային դիաբետ
  • սրտի հիվանդություն
  • սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ)
  • քրոնիկ շնչառական հիվանդություն
  • քաղցկեղ:

բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ:

գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

  1. Այն սովորողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:
  2. Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։
  3. Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում և 37 կամ ավելի բարձր ջերմաստիճան ջերմություն ունենալու դեպքում դիմում երեխայի հաշվառման բժշկական կազմակերպություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:
  4. Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:
  5. Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։
  6. Սովորողի բացակայության դեպքում դասղեկը այդ մասին տեղյակ է պահում դպրոցի բուժքրոջը կամ տնօրենին, ով իր հերթին տեղեկացնում է տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությանը:
  7. Սովորողները ընդունում են իրավիճակով պայմանավորված փոփոխությունները, նոր պահանջները և պատշաճ կերպով հետևում դրանց:
  8. Սովորողները աջակցում են հիվանդությունը հաղթահարած և դպրոց վերադարձած ընկերներին:
  9. Դպրոցում գտնվելու ընթացքում վարակի համախտանիշների առկայության դեպքում սովորողները տեղեկացնում են ուսուցչին կամ ծնողներին:
  10. Սովորողները հետևում են համավարակին վերաբերող հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:
  11. Սովորողները անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն կիսվում դասընկերների հետ:
  12. Ծնողները ամրապնդում են երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:
  13. Ծնողներն իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում առողջ և ապահով դպրոցի պահպանմանը: 

--00—ՄՀ