Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս կետերի հետևում Նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։

Այսպիսով, ի՞նչ աշխատանք ենք կատարել ընդամենը մեկ տարում․

Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումն ու վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։

Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, Ոստիկանության բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների։

Դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել ենք դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ, ինչպես սիրում ենք բոլորս ասել, վեթինգի ինստիտուտը: Սրա պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։

Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա:

Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ (մանրամասները այստեղ՝ http://moj.am/page/617):

Բոլոր 12 քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին․ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։

Ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում: Արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից կիսաբաց ռեժիմի»։

--00—ՄՀ