Բարձրացել է նրանց աշխատավարձը, որոնք, եթե հեղափոխությունը չլիներ, 100000-ով գործ չէին ճարի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

«Հեղափոխությամբ իշխանության եկած ուժն իրավունք չունի տնտեսական բարդ իրավիճակում իրեն նման ճոխություն թույլ տալ և անօրինական կերպով կրկնապատկել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը»։

Այդ մասին #bRightTalk ձևաչափի յոթերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը կրկնապատկվել են։ Նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ, փոխնախարարը՝ 1 միլիոն դրամ, մարզպետը՝ մոտավորապես 1 միլիոն դրամ, մինչդեռ ես կարծում եմ, որ, օրինակ, եթե մենք լինեինք իշխանություն, մենք կգնայինք այլ ճանապարհով։ Նախարարները, փոխնախարարները, մարզպետները մեր թիմակիցներն էին լինելու, այսինքն՝ քաղաքական մարդիկ և հեղափոխությունից հետո պետք է ապրեին այլ կյանքով, նրանք պետք է ապրեն այն հոգևորականի պես, որն ինքն իրեն ժուժկալությամբ ցանկանում է նեղել, որ իր մեղքերը քավի։

Հեղափոխությունից հետո իշանության եկած ուժը  չի կարող իրեն նման բաներ թույլ տալ, դա ուղղակի անընդունելի է։ Հետագայում, երբ որ տնտեսությունը կաճեր, խնդիր չկա, բայց առաջին տարիներին չէր կարելի մարզպետների, նախարարների, փոխնախարարների, որոնք քո թիմակիցներն են, աշխատավարձները կրկնապատկել, քանի որ նրանք «նվիրյալներ» են, նրանք պետք է նվիրվեն, եթե չեն նվիրվում հանի ուրիշ նվիրվողների բեր»,-նշեց Մարուքյանը։

Ավելին, ԼՀԿ ղեկավարը կարծում է՝ պետք է բարձրացվեին իրավապահ համակարգի և հատկապես օպերատիվ ծառայություն իրականացնող անձանց աշխատավարձերը։

«Պետք է  օպերատիվ աշխատողների, ոստիկանության, ԱԱԾ-ի, քննիչների, դատավորների, ինչպես նաև զինված ուժերում սահմանը պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրկնապատկվեին։ Այսինքն՝ տեսե'ք, հիմա այս մասը թողնվել է, և բարձրացումը եղել է շատ նվազ ու կրկնապատկվել են ո՞ւմ աշխատավարձերը, որոնք, օրինակ, եթե հեղափոխությունը չլիներ, 100 հազար դրամով էլ աշխատանք չէին ճարի։

Հիմա, օրինակ, Արարատի մարզպետը, որտե՞ղ կարող էր աշխատել կամ կրթության նախարարը որտե՞ղ է աշխատել, նրա վերջին աշխատավարձն ինչքա՞ն է եղել, որտե՞ղ է վերջին բարձր աշխատավարձը ստացել։ Օրինակ, առողջապահության նախարարը որոշ ծրագրերից բարձր աշխատավարձ ստացել է, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այդ ոլորտից է ստացել է բարձր աշխատավարձ, բա՞ մյուսները»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը ընդգծեց, որ այն օրինակը, որ նրանք պրոֆեսիոնալներ են և պետք է բարձր վարձատրվեն,  իրականությանը չի համապատասխանում, և նախարարները պրոֆեսիոնալներ չեն, այլ քաղաքական որոշումներ կայացնողներ  են։

«Նախարարները պրոֆեսիոնալներ չեն, նրանք քաղաքական որոշումներ կայացնողներ են կամ ո՞ր նախարարն է հիմա պրոֆեսիոնալ, սոցապնախարա՞րն է պրոֆեսիոնալ,  թե՞ մյուսները, մեր ո՞ր մարզպետն է պրոֆեսիոնալ, եկե'ք մարզպետներին նայենք»,- նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ