Արդյո՞ք Բելառուսը հետ կբերի անկախության դրոշը. Լուկաշենկոն` անկյունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

Բելառուս

Լուկաշենկոն երբեք չէր հավատա, որ իր երկրում, իր առջեւ, իր ժողովուրդը իրեն կվանկարկեր «հեռացիր»: 1994 թվականից ի վեր Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Լուկաշենկոն հիմա դա ոչ միայն հավատում է, այլ տեսնում իր աչքերով, լսում ականջներով, սակայն չի հեռանում համառությամբ, քանի որ դեռեւս չի հավատում, որ հեղափոխություններ տեղի ունենում են: Չի հավատում, որ մարդիկ կարող են հոգնել մեկի կառավարումից, հատկապես այն մեկի, որը համարվում է Եվրոպայի վերջին բռնակալը: Բացի իրեն ուղղված հեռանալու կոչերն ու վանկարկումները, Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ տեսնում է, թե ինչպես են իրեն սուլում նրանք, ում վրա էր ինքը դրել իր կողմից ցույց անցկացնելու հույսը: Դա արեցին տրակտորի պետական գործարանի աշխատակիցները, որոնց այստեղ էին բերել ի պաշտպանություն Լուկաշենկոյի: Վերջինս աստիճանաբար մտնում է անկյուն, երբ պետական հաստատությունների գործադուլին են միանում նաեւ պետական հեռուստատեսության աշխատակիցները: Նրանց են միանում Մինսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները ու հանդես գալիս բացօթյա ելույթով: Ժողովրդի պահանջին է միանում Սլովակիայում Բելառուսի դեսպանը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։ 

Իսկ այս ամենը սկսվեց, երբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ընդդեմ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքի դեմ բողոքող ցուցարարների: Լուկաշենկոն մոռացավ, կամ հաշվի չառավ, կամ էլ չհավատաց, որ իր ժողովուրդը կարող է տեսնել մյուս ժողովուրդների պայքարը ու սովորել կամ օրինակ վերցնել նրանցից:

Արդյունքում Ռուսաստանի հետ մեծապես հույսեր կապող Բելառուսի նախագահը կիրակի օրը տեսավ բողոքի զանգվածային այնպիսի ցույց, ինչպիսին իր երկիրը չէր տեսել իր անկախության անցած տարիների ընթացքում: Ամեն օր ավելի մարդաշատ դարձող ցույցերը տվեցին հարյուրավոր վիրավորներ ու երկու զոհ: Այս ընթացքում Բելառուսում ձերբակալվեց մոտ 6700 ցուցարար, որոնք անվտանգութան ուժերի կողմից կալանտներում ենթարկվեցին բռնությունների ու ծեծի:

Սակայն այն, որ Բելառուսի իշխանությունները սկսել են ազատ արձակել հազարավոր ձերբակալվածների եւ այն, որ Լուկաշենկոն հանդես է գալիս ներողամտության աննախադեպ խնդրանքով, մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այս բռնակալի դիրքերը եւս անսասան չեն: Սակայն նա հավանաբար դեռեւս չի հասել դա հասկանալու պահին, երբ սուլող ժողովրդի առջեւ ելույթ ունենալով, հայտարարում է, «Եթե ինձ նույնիսկ սպանեք էլ, նոր ընտրություններ չեն անցկացվելու»: Պարզապես մարդկանց կրքերը հանդարտեցնելու փորձ կատարելով, Լուկաշենկոն խոստանում է հրավիրել հանրաքվե եւ «իշխանությունը հանձնել համաձայն սահմանադրության, այլ ոչ թե փողոցային ցույցերի ճնշման ներքո»:

Նախագահական ընտրությունների ժամանակ Լուկաշենկոյի մրցակից, 37-ամյան Սվետլանա Տիխանովսկայան, որն ընտրություններից հետո իր ու իր երեխաների անվտանգության նպատակով փախուստի էր դիմել Լիտվա, հայտարարում է, որ պատրաստ է դառնալ «ազգային առաջնորդ», որպեսզի երկրում վերականգնվի անդորրը ու կյանքը մտնի բնականոն հուն, որպեսզի ազատվեն բոլոր ձերբակալվածները եւ նախապատրաստվեն նոր ընտրություններ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ Բելառուսի ընդդիմությունը հակառուսական չէ, ոչ էլ եվրոպամետ: Այն «հակալուկաշենկոյական» է, ինչպես իրենք են ասում: Սակայն, եթե Ռուսաստանը, Լուկաշենկոյի խնդրանքին տեղի տալով, այստեղ ուղարկի զորքեր, Բելառուսում կարմատավորվեն հակառուսական տրամադրություններ: Եվրամիության ղեկավարները պատրաստում են պատժամիջոցներ ընդդեմ Բելառուսի պաշտոնատար անձանց: Մեծ Բրիտանիան միանում է ԱՄՆ-ին, ու հայտարարում, որ չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքը:

Ի պաշտպանություն Բելառուսի ժողովրդի, մարդկային շղթա են կազմում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ցույց են անցկացնում Չեխիայի մայրաքաղաք Պրագայում: Բելառուսի համար աղոթք է անցկացնում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Եվ ցույցերը Բելառուսում արդեն շարունակվում են առանց ոստիկանական ուժերի մեծ կուտակումների, որտեղ ծածանվում է Խորհրդային Միությունից 1991 թվականին անկախանալուց հետո ընդունված կարմիր-սպիտակ դրոշը: Դրոշ, որը չորս տարի անց Լուկաշենկոյի նախագահության հենց սկզբում փոխարինվել էր խորհրդային ժամանակների դրոշով:

Արդյո՞ք ժողովուրդը նորից հետ կբերի անկախության դրոշը: 

 

 --00—ՄՀ