Խոշոր առևտրի կենտրոններում խախտումներ չկան. Տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 17-ին կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում: Մասնավորապես, մշտադիտարկում է իրականացվել «Մեգամոլ», «Ռիո Մոլ», «Երևան Մոլ», «Դալմա Մոլ» առևտրի կենտրոններում: Էական խախտումներ չեն արձանագրվել:

Նշված առևտրի կենտրոններում գործող գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: 

Տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

--0--ԱՀ